Ես այս աշխարհում, որ այսքան դժվարությամբ եմ ապրում՝ այդ նրանից է, որ ի բնե ազնիվ եմ ծնված։ Այո՛, չափազանց ազնիվ։
Լեռ Կամսար
Մարդ կա, որ ծնվելուց հետո այնպես է հարմարվում աշխարհին՝ կարծես աշխարհը իր վրա ձևված լինի։ Ինձ չհաջողվեց այդ։ Աշխարհը ինձ համար մի սովետական արտելում կարած զգեստ եղավ ու ինչքան «պերեդելկա» արի՝ չնստեց ու չնստեց վրաս։
Լեռ Կամսար
Ո՞վ եմ ես
Զարմանալի ազգ ենք մենք՝ նախ սովամահ կանենք մեր գրողներին, հետո արդեն կսկսենք մեծարել նրան։
Ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ կփառաբանեք ու կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այդ ժամանակ մեռած կլինեմ։
Ես դեդուկտիվ ծնունդ եմ։ Մինչ ուրիշներն իրենց կյանքի վերջում են ասում «ունայնություն ունայնության» մանրամասն ապրելուց հետո, ես ծնվելիս ասացի։
Մի ուրիշն իմ տեղ լիներ՝ այդ ասելուց հետո այլևս չէր ապրի, բայց ես ապրեցի իմանալու համար, թե ինչքան է այդ կյանքն ունայն։
Է՛, պարզ է, թե ինձ նման աշխարհ եկողը ինչպես պիտի վերաբերվի կյանքի երևույթներին։
Չեմ զգացել ուսման ծարավ և դպրոց եմ գնացել բռնի ոչինչ չսովորելու համար։
Չեմ հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի ամուսնանալ։Կամ ինչո՞ւ մեկ կնոջ հետ ծերանալ և ոչ աշխարհի բոլոր կանանց հետ երբեք չծերանալ։
Չիմացա՝ ինչ բան է կրոն։Ինչո՞ւ մարդիկ իրենց աղոթքներում երկնքի արքայությունն են ցանկանում։ Անիմաստ կյանքը շարունակելուց ի՞նչ օգուտ։ Հիմարությունը որ երկարի՝ իմաստությա՞ն կհասնի։
Եթե դրախտում արդարները պիտի թառեն խնկի ծառերի վրա ու միայն փառք տան Աստծուն, դրա համար ինչ կարիք կա մեռնելու, ահագին թաղման ծախս կատարելու, թաղվելու, նորից հարություն առնելու և այլն։
Փա՞ռք եք ուզում տալ՝ առանց այդ դժվարություններին ենթարկելու ձեզ. համեցեք սովետական Ռուսաստան, փառք տվեք Լենինին ու ապրեք նորակառույց շենքում՝ օժտված մաքուր սենյակներով, խոհանոցով, արտաքնոցով ու բաղնիքով։
Ինչո՞ւ գերադասել կենցաղային ոչ մի հարմարություն չունեցող խնկի ծառը, մի օր էլ քունդ տանի՝ ցած գլորվես ու եսիմ ինչ լինես։
Ես չհասկացա՝ ի՞նչ է մարդկային հավասարություն։ Դերձակները թելի ծայրը հավասարեցնում են այն ասեղի ծայրը մտցնելու համար, իսկ սոցիալիստները ո՞ւր են ուզում մտցնել մարդկությանը, երբ հավասարեցնում են այն։
Իսկ քարոզել եղբայրություն այն ժամանակ, երբ մի մորից ծնված եղբայրները անխոս բաժանվում են իրարից և օտարանում, նշանակում է հիմարության երկրորդ հարկը բարձրանալ։
Այս բոլորից հետո խորհուրդ եմ տալիս ձեզ իմ կյանքում ոչ մի իմաստ չփնտրել. ես մի գրչախաղ եմ գոյություն չունեցող թղթի վրա…
Ես հաճախ եմ մտածել գրել իմ կենսագրությունը, բայց հնարավոր չեմ գտել։
Գրել կենսագրություն, նշանակում է նորից ապրել մի անգամ ապրած կյանքը, իսկ իմ կյանքը այնպիսին չի, որ հնար լինի երկու անգամ ապրել։ Իմ կյանքի օրերն իրար ետև շարված տառապանքի օրեր են, տասն անգամ ստույգ մահից մազապուրծ։ Ի՞նչ երաշխիք, որ երկրորդ ապրելուս դրանցից մեկնումեկին զոհ չեմ գնա…
Ես անգամ գոհ չեմ, որ մի անգամ ամբողջական ապրել եմ իմ կյանքը։ Եթե ինձանից կախված լիներ, մի քառորդով կապրեի։ Այն էլ նրա համար, որ կյանքի մասին մի թեթև գաղափար կազմած մեռնեի։
Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, համարյա կեսը միայն, իսկ մնացյալ կեսը այլևս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որն ինչ կամեցել է արել է ինձ։
Իր ողջ կյանքում գազանանոցի նեղ վանդակի մեջ փակված կապիկի կյանքն ուսումնասիրելով՝ կարող ենք կարծիք կազմել կապիկների ցեղի առանձնահատկության մասին և այն մտցնել կենդանաբանության դասագրքի մեջ։ Մի կապկի, որն օրնիբուն օնանիզմով է զբաղվում և աչքը վանդակի դռանը՝ հերթական կերի է սպասում։
Կարո՞ղ ենք գաղափար ունենալ առյուծի մեծահոգության մասին, երբ նա իր կատաղության մեջ միայն վանդակի երկաթներին է զարնվում։
Այդպես էլ ես եմ իմ կյանքի երկրորդ կեսում։
Կարո՞ղ եմ խելացի լինել, երբ խելքս գործածելու հնարավորություն չունեմ։ Ինչքա՞ն լայն պիտի լինի սիրտս, որ բոլշևիկ բռնապետներին ըստ արժանվույն ատելուց հետո դեռ տեղ ավելանա որևէ մեկին սիրելու համար։ Կամ երբևէ կերե՞լ եմ իմ ցանկացածը, որ կարողանամ պատմել իմ ճաշակի մասին։ Ինչպե՞ս կարող եմ քաջ լինել, երբ ձեռներս տարված են ետևս ու շղթայված։
Ո՛չ, չեմ կարող իմ կյանքը գրել։ Ինձանով հետաքրքրվողներին կասեմ.
-Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք…
***
Ես տրանզիտով աշխարհ եկա, տրանզիտով էլ հեռանում եմ աշխարհից՝ առանց վագոնիս պատուհանը բաց անելու։ Իբրև մարդ՝ ապրելու ոչ մի հնարավորություն չկա։ Սովետական ժողովուրդը գրաստ է պարզապես՝ նոխտան վզից կախ։ Կառավարությունը մեկ էլ տեսար նոխտադ քաշեց, քսան տարի տարավ Սիբիրի սառնամանիքներում կապեց քեզ, մեկ էլ քաշեց, ետ բերեց ու կապեց քո ընտանիքից բավականին հեռու, որ նայես քո կին ու երեխաներին ու կարոտամաշ լինես…
Աստված ինձ ստեղծել է մահկանացու, դրել է սրարշավ գնացք իմ ծնունդի առաջին վայրկյանից և ուղիղ գծով դեպի գերեզման է քշում։
Ես կարող էի գնացքի պատուհանից գոռալ իմ ճշմարտությունը, բայց գնացքիս դուռն ու պատուհանը այնպես պինդ է փակել վրաս Սովետական կառավարությունը, որ իմ ոչ մի ձայն չի թափանցի ազատ աշխարհը։
Դատարկ վագոնում որքան ուժ ունեմ բղավում եմ՝ մարդի՜կ, հեռու բոլշևիկյան կառավարությունից, այդ վարդապետությունը ոճիր է մարդկային բանականության հանդեպ, բոլշևիզմը հղկում , հարթում է Շվեյցարական անուշաբույր ծաղկավետ լեռները՝ դարձնելով այն փոքրիկ Սահարա։ Բոլշևիզմը մի բռնակալ ժամանակ է, փախե՜ք դրանից…
Իմ ձայնը, սակայն, դիպչում է գնացքի պատուհանին ու ինձ վերադառնում այնպես, ինչպես թե այդ ասողը ես չեմ…
Աստվա՜ծ, ա՜յ տնաշեն, առանց քեզ էլ, տեսնում ես բոլշևիկները մեզ սպանում են, էլ դու ինչու՞ ես մեջ ընկել։ Ո՞վ է տեսել՝ մեկին երկու անգամ սպանեն։ Ինչու՞ ինձ բաց վագոնով գերեզման չես տանում, որ ճանապարհին մի քանի ճշմարտություններ ասեմ մարդկությանը…
Բոլշևիկյան կառավարությունը հեքիաթի այն վիշապն եղավ, որ նստած իմ և ժողովրդի մեջտեղ, արգելեց ամեն տեսակի հաղորդակցություն իրար հետ։
Ինձ Բևեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպես խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ։
-Ինչու՞։
-Որ չգոռամ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…
Նախ մեռա, հետո ապրեցի
Իմ ծննունդից մինչև մահը կապված է մի լար, երևակայությունս լարախաղացի նման անվերջ գնում-գալիս է այդ լարի վրա։
Ասում են ամենաարագ հաղորդակցության միջոցը ինքնաթիռն է հիմա, բայց սխալ է։ Ինքնաթիռը չի կարող մարդու նման ծննդյան ու մահվան միջև ընկած ճանապարհը կտրել մի ակնթարթում, այդ ճանապարհը կտրում է երևակայությունը։
Իմ երևակայությունը այն թազբեհի թելն է, որ կապում է իմ կյանքի բոլոր երեկները իմ կյանքի վաղերին։
Չլիներ երևակայությունս՝ իմ երեկներն ու վաղերը կանցնեին իբրև անծանոթներ առանց իրար բարևելու։
Ես յոթանասուն տարեկան եմ, ամեն անգամ, երբ երևակայությունս երթևեկում է այդ տարածությունը՝ քառասուն տարվա վրայից ցատկում է։ Այդ իմ չապրած տարիներն են։Այդ տարիներին բոլշևիկյան իշխանությունը եկավ, քացու մի հարվածով դուրս վռնդեց ինձ ղեկավարող կամքս, մի էշի նոխտա դրեց վզիս, տարավ կապեց սոցիալիզմի դատարկ մսուրին, և ես սա 40 տարի միայն ազատություն եմ զռում։
Բայց միժամանակ ես մարդ էի… Այդ նույն բոլշևիկյան կառավարությունը ամբողջ 20 տարի նոխտայիցս բռնած ման ածեց իր բանտերում ու աքսորավայրերում։ Երբ ուժասպառ եղա՝ բերեց կապեց ախոռը՝ մեռնելու։
Ձի եմ ասում, որ 70 տարվանից քառասունի վրայից ցատկ կատարի։
Այդ ցատկը իմ երևակայությունը կատարեց։
Ու հիմա, երբ մեռնում եմ, չգիտեմ ո՞ր ձողին, ո՞ր ծառին, ո՞ր օղին կապեմ հեգ ձիուս սանձը, որ իմ մահվանից հետո էլ գնա գա կյանքիս լարի վրա։
Պատերազմներում, երբ ընկնում է զինվորը, նրա ձին երկար չի հեռանում իր տիրոջ դիակից, կանգնում ու պաշտպանում է նրան գազաններից ու գիշակեր թռչուններից։Պատահել է ձի, որ մինչև վերջ էլ չի հեռացել ի տիրոջ դիակից։
Իմ ձի, աղաչում եմ քեզ, կանգնիր ու պաշտպանիր ինձ բոլշևիզմից։ Նրանք պղծեցին իմ կյանքը, գեթ թողնեն որ մաքուր մեռնեմ։
Չթողին որպես մարդ ապրել, գեթ թույլ տան մարդ մեռնել…
…Օ՜հ, մեռնել գեթ մի օր ազատություն չտեսած, ահա սարսափելին…
***
Կարելի է ապրել երկու կերպ, համառոտ և ընդարձակ։
Ընդարձակ կամ մանրամասն ապրողը պիտի անի այն բոլորը, ինչ անում են բոլոր մարդիկ, կամ մարդ արարածն առհասարակ։
Նա պիտի ծնրադրի բոլոր աստվածներին հերթով, դավանի բոլոր կրոնները, պատկանի աշխարհում եղած բոլոր քաղաքական կուսակցություններին, ժխտի այդ բոլորը ու հանդես գա չեզոք, ժխտի բոլոր աստվածներին և դառնա անաստված, ճաշակի այն բոլոր կերակուրները ինչ կերել է մարդը երբևիցե, ման գա աշխարհը առանց որևէ ծակ ու ծուկ զանց առնելու, խելագարվի, կոմունիզմին հավատա և այլն։
Նայեցեք ջրաղացին։ Ջրաղաց կա ցորենը փոշիացնում է, կա որ ձավար է դարձնում, մեջտեղից երկու կես է անում, և վերջապես կոլխոզային ջաղացների նման երկու ամբողջական ցորենները իրար է կպցնում։
Իսկական մարդը մարսված կերակուր, ջաղացի փոշի պիտի լինի։
Այս տեսանկյունով եթե նայենք մարդուն՝ ես մարդ համարվել չեմ կարող։
Այնքան համառոտ եմ ապրել։ Անհաղորդ կյանքի մանրամասներին, ես ծնածս օրից իմ գրիչ մանին եմ նայել և կյաքի բոլոր արժեքները այդ ,«բանկ» եմ տարել ոչնչով փոխարինելու։ Մարդիկ ըստ սովորականի ապրելուց հետո են մեռնում, իսկ ես նախ մեռա, հետո ապրեցի։
Նրանք ովքեր ինձ նման ապրում են մեռած, նրանց համար չկան կաշկանդիչ սովորություններ, ծեսեր, նախապաշարմունք, բարոյականություն, ամոթ, պատկառանք և նման բաներ։Որովհետև այդ բոլորը մահվան հետ համեմատած այնքան աննշան չարիքներ են, որոնց լինելուն էլ չլինելուն էլ պետք է նայել անտարբեր։ Դրանք փոքրիկ ոչնչություններ են, որոնք իրենց ճանապարհին միանում են իրար հետ ու գնում թափվում մեծ ոչնչության մեջ։
Մի ժամանակ, երբ ես կարդում էի Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին»՝ չէի հավատում նրա ճշմարտությանը. ասում էի երևի հեղինակը գրել է իր զայրացած րոպեներին ու բարկությունն անցնելիս կսկսի սիրել աշխարհը։
Այսօր սակայն, սարսափով նկատում եմ, որ ես էլ իսկական Աբու-Լալա Մահարի եմ։ Նույն անել վիճակին մատնված։
Ես էլ այդ արաբ բանաստեղծի պես եղա ուրիշ երկրներ, իմաստունների ու հիմնրների հետ սեղան նստա, աշխարհը նոր եկողներին, աշխարհից մեկնողներին բարև տվի, բարև առա, ու եկա այն եզրակացության, որ իսկապես պետք է քարավանը դուրս քաշել «Բաղդադից» ու չվել այս աշխարհից…
Կեցությունը բնորոշում է գիտակցությունը։ Ընդունենք այս ու ես ձեզ բացատրեմ թե ի՞նչ կեցություն եմ ունեցել և որպիսի գիտակցություն ունեմ այժմս։
Աշխարհ գալով , առաջին մարդն, որ դեմս ելավ մեծ եղբայրս էր։
Հարցնում եմ.
-Եղբայր ջան, աշխարհի ճամփեն ո՞ր մեկն է։
Խոժոռ նայում է ինձ իմ եղբայրը։ Այնքան խոժոռ, որ աշխարհ գալս զղջացի։
Երբ փորձեցի խոսել հետը, մի քանի անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել, վերջապես աշխարհի արտաքնոցի տեղն իմանալ, որովհետև դե, ես այն ժամանակ փոքր էի՝ մեկ էլ մի սոսկալի ապտակ եկավ երեսիս։ Առանց հանցանքի, առանց մեղքի, ոնց որ ասես ներկայիս կոմունիստը լիներ, որի մասին այն ժամանակ հասկացողություն չունեի։
Այստեղ ես կանգ առա և մի փոքրիկ աշխարհայացք կազմեցի՝ որ էր. «աշխարհը դաժանություն է ու ապտակ»։
Ընտանեկան այս «դաստիարակությունը» առած, երբ դուրս ելա փողոց՝թուրք լամուկմերը դանակները քաշած հարձակվեցին վրաս ու ես փախա։
Բաց արի աշխարհայացքս ու վրան ավելացրի… դանակներ և փախ ու կոտորած։
Հետագայում հայրս Պարսկաստան փախավ, ես՝ Էջմիածին եկա սովորելու։
Ի՞նչ պիտի սովորեի, հարազատներից պոկված մի խեղճ, պանդուխտ երեխա։ Չորս և չորս… ա՜խ մայրիկ ջան… անում է ութ։ Ութից հանած չորս, թեև ճիշտ է, անում է դարձյալ չորս՝ բայց ինչի՞ս է պետք այդ չորսը, երբ իմ ծեր հայրը պանդխտության մեջ պիտի տառապի։ Այս վշտերիս մեջ ինքս ինձ մոռացած, չորս տարի հետո ո՞ր սատանի ծոցից, դուրս թռավ Սաթենիկ անունով մի աղջիկ և եկավ մտավ սիրտս։ Դե արի հիմա էլ նրա սիրուց տոչորվիր։
Ուսումս ավարտելուց հետո էլ ես չխնդրեցի այդ երկար աղջկա ձեռքը, որովհետև եթե ընդուներ առաջարկս, հանկարծ երջանկությունս այնքան մեծ պիտի լիներ, որ ես տակին ճխլվեի։
Սրտիս կեսը Էջմիածին թողած Վան գնացի։
Այստեղ էլ ես ամուսնացա ոչ այնպես, ինչպես ճաշարան մտնողը իր ճաշակին համեմատ կերակուր է պատվիրում։ Ոչ, ես նստա սեղանին և ասացի՝
«պատրաստի» ինչ ունես՝ բեր։ Որովհետև ոչ մի ճաշարանապետ չէր կարողանա իմ ուզած Սաթենիկը պատրաստել։ Իսկ երբ Սաթենիկ չկա՝ ոչինչ չկա…
Երբ եկավ 1915 թվականը, պատահեց հայոց պատմության մեջ չպատահած դեպք։
Թուրք կառավարությունը, որ սովորություն ուներ տաս տարին մեկ քաղհանել հայությունը, սեյրակացնել, այս անգամ տրակտորը լծեց ու ողջ Տաճկաստանը հերկեց այնպես, որ հայի հոտը կտրվի այդ երկրից ու մենք գաղթեցինք։
«Գաղթը» անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառով, իսկ անձամբ ճաշակողի համար դա հատուկ անուն է և աշխարհում միակը։
Այն ժամանակ, երբ մի թեթև բեռ շալակդ առած, ծերունի մորդ ձեռները բռնած դուրս ես գալիս քո հայրենի տնից և մի վերջին անգամ ետ ես նայում կտրելու համար այն անթիվ անըմբռնելի թելերը, որ քեզ կապում են քո հայրենի տանը, քո պապերին, պապի պապերին, այն ամբողջ քաղցր հուշերին, որոնցով ապրում էիր մինչև այդ վայրկյանը։ Դու, երբ մի խորունկ ա՜խ ես քաշում, ու երես դարձնում այդ բոլորից՝ այդ ժամանակ ես զգում միայն, թե ինչ բան է գաղթը…
Լավ ու վատ՝ ճաշակեցինք մեր առաջ դրված այս պատառն էլ, վերջապես եկանք Կովկաս։ Բայց այստեղ էլ հայի արյան հոտն առած թուրքը չուզեց հանգիստ տալ հրաշքով ճողոպրած իր զոհերին և իր ոտը Բարդողյան լեռնաշղթայից այս կողմը պարզեց և շարունակեց արյունառությունը, մինչև բոլշևիկները Հայաստան մտան և մնացած հայությունը «ազատեցին» թուրքի ճանկերից։
Մեզ պարգևած ազատության մասին մի պարզ գաղափար տալու համար ասեմ, որ հետագայում երբ 21 թվականին հայերը ապստամբեցին իրենց «ազատարարների» դեմ, պարտված հայությունը նորից Թուրքիա էր փախչում, տաճկական սուրը գերադասելով բոլշևիկների կացնից։
Բոլշևիկյան Հայաստանը մի կատարյալ սառցատուն էր, որտեղ հայության ուղեղը սառեց իր գանգում բնավ չմտածելու համար, արյունը սառեց բազուկներում բնավ չաշխատելու համար։
Ձեզ եմ հարցնում.
-Ի՞նչ «գիտակցություն» կարող եմ ունենալ ես հիմա, այսպիսի «կեցություն» ունենալուց հետո։
Ես կարո՞ղ եմ այս անլուր աղետները գլխիս բերած ՄԱՐԴՈՒՆ «կենդանիների թագավոր» անվանել։
Ուրեմն այսպես:
Տաճկաստանում ես ապրում էի անմեղ, անմեղ։ Բայց տաճիկ կառավարությունը սրով ետևս ընկած ուզում էր ինձ սպանել։ Փախա իմ ռուսահայ եղբայրների մոտ, մի քանի տարի ապաստան գտա, հետո էլ այդ «եղբայրները» բռնեցին ու քսան տարով աքսորեցին հյուսիսի սառնամանիքները։
Իմ աքսորի առաջին գիշերը կինս ինձ դավաճանեց։
Իմ գրկի մեջ մեծացած որդիս մեծանալով ոխերիմ թշնամի դարձավ ինձ։ Իմ ամենամերձավորագույնը մոտեցավ ինձ ծեծելու համար։
Խմբագիրները ասում են նյութ բեր, մեկի տեղը տանում եմ տասնմեկը՝ ոչ մեկն էլ չեն տպագրում։
Տունս ցախանոց է, ութը տարի է պետությունից բնակարան եմ ուզում չի տալիս։
Եթե արաբ բանաստեղծն իմ օրին լիներ, հիմա վաղուց էր փախել անապատը։
Բայց ես, ճիշտն ասած, չեմ ուզում փախչել անապատ՝ որովհետև այս րոպեիս ես ապրում եմ սովետական անապատում։
Հետո անապատ գնալը միտք չունի, փոխանակ ինձ հանձնելու անապատի իժերին, վայրի գազաններին, այստեղ, իմ շրջապատը հազր լիքն են իժերով ու գազաններով, թող նրանք ինձ ուտեն, ի՞նչ կարիք կա տեղից շարժվելու։
Դժվարությունն այնտեղ է սկսվում, երբ աշխարհ է գալիս մի մարդ, աշխատում է հագնել աշխարհային օրենքները և չի կարողանում։ Նրանք ստանդարտ են, իսկ մարդը կոշտուկներով լիքը։
Ի՞նչ անել։ Կարո՞ղ ենք պահանջել, որ նա նախապես գուշակելով, թե ծնվելու է այդպիսի մարդ, իր օրենքները հարմարեցներ դեռ չծնված մարդուն։
Չէր կարող։
Նա ասում է աշխարհն այս է, ուզում ես ապրիր, չես ուզում քեզ համար «պրոթեզարանում» հատուկ աշխարհ շինել տուր։
Աշխահ գալիս, ես դեռ չէի տեղավորվել, երբ ինձ ասացին՝ թե դու մեռնելու ես…
Դե արի ու մի թքի այս տեսակ աշխարհի վրա։
Այո, ասացին պիտի մեռնես, բայց չասացին թե երբ։ Այնպես որ ամեն քայլափոխին, երբ մի դժվարության էի հանդիպում, կարծում էի իմ մահվան ժամը հասել է։
Իմ կյանքի ամենադժվար մասը բոլշևիկյան տիրապետության շրջանն էր։ Ինձ ասում էին՝ «Դու որ բոլշևիկների տիրապետության տակ կարողացար ապրել քառասուն տարի, մի վախենա, էլ չես մեռնի»…
Բայց դժբախտությունը միայն բոլշևիզմը չէր։ Դրանք բազմաթիվ էին։ Այս բոլորին հանդուրժել չկարողանալով, ցավից հանեցի աշխարհն «ոտքիցս» դեն շպրտեցի, ձեռք զարկելով հատուկ ինձ համար աշխարհ կառուցելու…երևակայությանս մեջ։
***
Ես ո՞նց ապրեմ
Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար։ Դարվինը չե՞ս կարդացել, չգիտե՞ս, որ կենդանի արարածը
իր գոյությունը պաշտպանելու համար
պետք է շրջապատին հարմարվի, թիթեռը անապատում ավազի գույն հագնի, կանաչի վրա` կանաչ, երկնքում ճախրելիս`կապույտ։
Ճիշտ այնպես, ինչպես հիմա ապրելու համար մարդիկ դաշնակների
իշխանությանը դաշնակ են դառնում, բոլշևիկյան իշխանությանը` բոլշևիկ, դեմոկրատականինը` դեմոկրատ։
Իսկ դու սևի վրա սպիտակ ծնար, ես ո՞նց ապրեմ…
Քաղցր բան է երազը, մանավանդ, որ քեզ տանում է նախասովետական օրերը, երբ դու էլ մարդ էիր։ Փողոցով անցնելիս բոլորը մատով ցույց էին տալիս քեզ, չմնացած գովասանքը շռայլելով, չափազանցված հարգանքով շրջապատում էին քեզ. դու էլ ինչքան էլ համեստ ես, այնուամենայնիվ չէիր կարող չուռել, չփքվել ու գոհունակությամբ շուրթերդ չլիզել։
Բայց երազը երկսայրի է։ Մեկ էլ տեսար ծռեց իր ճամփան, խլեց քեզ ընտանիքիցդ ու տաքուկ սենյակիցդ, տարավ Չեկա, գցեց մութ նկուղների պաղ ցեմենտի հատակի վրա, սև ու կեղտոտ ոջիլները ծվարեցին վրադ ու կծի՛ր, որ կկծես։ Այսպես յոթանասուն օր, որից հետո վեց ամիս բանտը։
Սա դեռ պատիժը չէ, պատժի նախերգանքն է։
Սա այն է, ինչ Թումանյանի «Շունն ու կատուի» մեջ Քեռի քուչին կատվի բերած մորթին «ցրցամ է» դրել, որ հետո նրա համար գլխարկ կարի։
Այս նախնական տանջանքներով պետությունը քեզ «ցրցամ» է դրել, որ դատարանում անձիդ հարմար հանցանք կարի ու քեզ հեռավոր հյուսիս քշի։
Եվ ահա դու կանգնած երեք կատաղած զինվորականների առաջ, դռնփակ դատվում ես։
Այնտեղ այդ երեք զինված հրեշներն են, դու՝ ու քո Աստվածը։
Մեջտեղի նստողը հանում է ատրճանակը պատյանից, դնում սեղանին ու դառնալով քեզ ասում.
- Խոստովանի՛ր հանցանքդ։
- Ես հանցանք չունեմ...
- Չունե՞ս, - բղավում ու վերցնում է ատրճանակը...
- Ունեմ, ունեմ...
Դու երկար մտածում ու ոչ մի հանցանք չես ճարում։ Հետո ասում ես.
- Ես չգիտեի, հանցանք գտնելն էլ մեր պարտականությունն էր. կարծում էի դուք կմեղադրեք ու կպատժեք։
Այդ միջոցին քննիչի աջ կողմ նստողը տեսնելով քո հուսահատ անմեղությունը, խղճում է քեզ և դառնալով գլխավոր քննիչին ասում.
- Ինչպես երևում է իրոք հանցանք չունի, մի պատրաստի հանցանք տանք թող ընդունի, դատենք գործը վերջացնենք։
Ապա դառնալով քեզ հարցնում է.
- Գնդակահարվե՞լ ես ուզում, թե քսան տարով աքսորվել։
- Քսան տարով աքսորվել։
- Լավ, այն ժամանակ քեզ կհամարես ֆաշիստ։ Ու որպեսզի չմոռանաս այդ բանը, լավ կանես մի տեղ նշես։ Եթե ոչ՝ կարող է հանկարծ հանցանքդ մոռանաս՝ ստիպված լինենք նորից կանչենք դատենք։ Ուրեմն, դատը վերջացավ, մնաց ծեծը։ Այս րոպեիս վախտյորը կկանչենք քեզ մի քիչ ծեծի՝ այն ժամանակ ազատ ես աքսորվելու։
Ու վերցնելով հեռախոսը վախտյոր է կանչում։
Հայտնվում է մի գազան՝ հաստ փայտը ձեռքին ու ասում.
- Ուժ չմնաց թևերումս, ընկեր դատավոր, առավոտից մարդ եմ ծեծում։ Խնդրել եմ ձեզ օգնական տալ ինձ. մինչև կեսօր ես ծեծեմ, կեսօրից հետո՝ օգնականը, որ ծեծը էֆեկտ ունենա։ Իմ առավոտյան ծեծածները անպայման մեռնում են, որովհետև ուժ ունեմ թևերումս։
- Ներկա կալանավորը չի մեռնելու, քսան տարով պիտի աքսորենք։ Քեզ հարկավոր է միայն այնպես ծեծել, որ քսան տարում չմոռանա։
- Այդքանը կարող եմ, - ասում է մարդն ու սկսում է ծեծել քեզ։
Բայց դու ոչ թե քսան տարում, այլ հենց առաջին հարվածը, որ իջավ գլխիդ՝ կանգնած տեղդ էլ կմոռանաս։ Տանջարանիդ դռները կբացվեն առաջիդ և ուր ուզես՝ կերթաս...
***
Ա՜խ, օրեր...
Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն։ Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր։ Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ արտասանել, որի մեջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով քեզ կխեղդի։
Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչև պորտը ձյուն, ամայի անտառում։ Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը։ Դու ամիսներով ձյունախառն ճահիճների մեջ քայլելով ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում։
- Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը ճիպոտը ձեռքին,- չաշխատես օրապահիկդ հացը չես ստանա։
- Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տուր կացինը, - կասես դու վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետևանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը։
Ա՜խ, օրեր...
Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա։ Որովհետև վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բևեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես՝ տեսնում ես ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով սառել են ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար։
Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից նոսրացնել կալանավորներին։
Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի։ Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը։ Մեղադրանքը պիտի բազմազան լինի։ Այդ պատճառով էլ ամեն առավոտ շարք եք կանգնում բոբիկ ոտներով ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ օրը՝ ութից մեկը, մինչև հասնում են երկուսից՝ մեկ...
Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել։ Որպեսզի ապագա մարդկությունը ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մեջ ութերորդ, իններորդ լինելու համար։
Ու թող կործանվի այն օրը, երբ մարդիկ թվաբանություն հնարեցին։
Սովետական կառավարությունը այսօր տասի սահմաններում գնդակահարեց՝ որովհետև իշխում է միայն երկու հարյուր միլիոն բնակչության վրա. երբ դարձավ համաշխարհային՝ վայն եկել է աշխարհին տարել։ Այնքան աշխարհում այլևս մարդ չի թողնի, որ մազապուրծ ազատված մարդկանց պիտի բաժանի կոտորակների, առաջին օրը նրա աջ մասը գնդակահարի, երկրորդ օրը՝ ձախ.. որ անելիք ունենան։
***
Աշխարհում չկա մի կենդանի, որ վագրի ճանկերում պատառոտվելիս փառաբանի իր գիշատչին։
Իսկ սովետական ժողովուրդը Ստալինին փառաբանելով փողոտվեց։
Ժողովուրդը այդ գազանի երախում փառք տվեց և փառք տալով էլ իջավ նրա ստամոքսը...
Ա՜խ, օրեր...