Լեռ Կամսար
20-րդ դարի հայ հանրահայտ գրող, երգիծաբան

Ծիծաղ պարգևող մարդը

Գրականության մեջ ամենադժվար ժանրը երգիծանքն է։ Այն պետք է լինի բնատուր, ի վերուստ։ Ուսանելով սրամտության, երգիծանքի, հումորի արվեստին չես կարող տիրապետել։ Այդ է պատճառը, որ մատների վրա կարող ես հաշվել երգիծաբաններին համաշխարհային գրականության մեջ։ 

Այս հազվագյուտ և դժվարին ժանրը եթե մարդկությանը բերում է ծիծաղ և ուրախություն, ապա երգիծանքի մշակների համար, որպես կանոն, դառնում է Գողգոթայի ճանապարհ։ Երգիծաբանը սնվում է զուտ արատներով։ Նա իր խորաթափանցությամբ երևույթների և մարդկանց մեջ պեղում է թերությունը և ծաղրելով փորձում է բուժել այն։ Իսկ արատները երեսին ասողներին շատ քչերն են հանդուրժում։ Աշխարհի տերերը աշխատում են լռեցնել, արատավոր մարդիկ ուղղակի ատում են, իսկ անարատներն էլ երևի թե շատ քիչ են այս աշխարհում։ Այստեղից էլ սկսվում է երգիծաբան անհատի տառապանքը։ Եվ որքան սուր է գրիչը, այնքան թարսվում է ճակատագիրը նրա հանդեպ։

Հայ երգիծաբանության ամենափայլուն դեմքը Պարոնյանից և Օտյանից հետո Լեռ Կամսարն էր։

Լեռ Կամսարը (իսկական անվամբ՝ Արամ Թովմաղյան 1921 թվականին փաստաթղթերը սխալմամբ լրացվում է Թովմասյան և այդպես էլ մնում է՝ Արամ Թովմասյան) ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ամերիկյան վարժարանում։ Հայրը՝ տեր Թովմասը, մտադրություն ունենալով որդուն էլ դարձնել հոգևորական, 1902 թվականին ուղարկում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու։

 1909 թվականին ավարտելով ճեմարանը Արամ Թովմասյանը վերադառնում է իր ծննդավայրը և աշխատում որպես ուսուցիչ՝ նշանավոր Երամյան դպրոցում։ Գրել սկսել է 1910 թվականից։

Լեռ Կամսարի առաջին ֆելիետոնն իսկ, որը 1910 թվականին Տաճկաստանում պայթեց թուրք փաշայի և ամերիկյան միսիոներների գլխին, գովասանքի ու շնորհավորանքի մեջ խեղդեց հեղինակին։ Թուրք նահանգապետից սկսած մինչև հայ վերջին ընթերցողը շնորհավորեցին նրա այդ հաջողությունը։

Դեռ մանկուց սիրելով Կամսար անունը՝ Արամ Թովմասյանը հրատարակում էր իր առաջին շրջանի ֆելիոտոնները այդ անվան տակ։ Մեկ անգամ Վան քաղաքի երևելիներից մեկը տեսնելով Կամսարին փողոցում, շնորհավորում է նրան հերթական երգիծական պատմվածքի համար և գովեստի խոսքն ուժգնացնելու համար տմբտմբացնելով նրա կռնակին ասում է. «Կամսար չէ, մեծ Կամսար, լեռ Կամսար»։ Այդ օրվանից էլ մկրտվում է նրա գրական անունը՝ Լեռ Կամսար։

Հետագայում հեղինակը կգրի.

«Ես, որ գրական ասպարեզ մտնելիս «Լեռ Կամսար» անունն առի վրաս, երբեք մտքովս չանցավ, որ այդ անունը այսօր սաստիկ պետք պիտի գար ինձ, որ այսօրվա իմ կյանքը ես պարտական պիտի լինեմ այդ անվանը։

Որովհետև եթե այն ժամանակ ինձ «Լեռ» չանվանեի ու ասենք «հաստաբուն կաղնի» անվանեի անգամ, սա 40 տարվա իմ վրա փչող քամին արմատահան պիտի աներ ինձ և հողմավար աներ, ինչքան էլ «հաստ» բուն ունենայի։

Ես անպայման «Լեռ» պիտի լինեի դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին։

Եթե «Լեռ» չլինեի՝ հիմա չկայի։

Փա՜ռք քեզ, անուն, որը փրկեցիր ինձ կորստից...»:

Վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմը։

1915 թվական...

Աշխարհի լուռ համաձայնությամբ մորթվում էր մի ողջ ժողովուրդ։ Արևմտյան Հայաստանում համատարած կոտորած էր և տեղահանում։

Վասպուրական աշխարհը որոշեց դիմակայել։

Վանը մեկ ամիս հերոսաբար կանգնած էր թուրքական արյունարբու բանակի առջև։ Լեռ Կամսարի տունը հարևան Սահակ Պեյենց տան հետ դարձավ Վան-Այգեստան ինքնապաշտպանության կարևոր դիրքերից մեկը, ուր երգիծաբանը իր ընկերների հետ միասին անձնազոհ քաջության օրինակներ էր ցույց տալիս։ Վանի միամսյա հերոսամարտը փրկեց վասպուրականցիներին թուրք խուժանի կոտորումից։ Սակայն պայքարը անհավասար էր, և վանեցիները ստիպված էին գաղթել։

«Երբ եկավ 1915 թվականը, պատահեց հայոց պատմության մեջ չպատահած դեպք։ Թուրք կառավարությունը, որ սովորություն ուներ տասը տարին մեկ քաղհանել հայությունը, այս անգամ տրակտորը լծեց ու ողջ Տաճկաստանը հերկեց այնպես, որ հայի հոտը կտրվի այդ երկրից, և մենք գաղթեցինք։

«Գաղթը» անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառ, իսկ անձամբ ճաշակողի համար դա հատուկ անուն է և աշխարհում միակը։

Այն ժամանակ, երբ մի թեթև բեռ շալակդ առած, ծերունի մորդ ձեռքը բռնած դուրս ես գալիս քո հայրենի տնից և մի վերջին անգամ ետ ես նայում կտրելու համար այն անթիվ անըմբռնելի թելերը, որ քեզ կապում է քո հայրենի տանը, քո պապերին, պապի պապերին, այն ամբողջ քաղցր հուշերին, որոնցով ապրում էիր մինչև այդ վայրկյանը, դու, երբ մի խորունկ ա՜խ ես քաշում ու երես դարձնում այդ բոլորից, այն ժամանակ ես զգում միայն, թե ինչ բան է գաղթը...»։

Գաղթելով Անդրկովկաս, սկսում է աշխատակցել կովկասահայ պարբերականներին և անմիջապես գրավում է ընթերցողների ուշադրությունն ու համակրանքը։ Բաքվի «Արևը» իր տարեկան տեսության մեջ գրում է, «Կովկասահայ թերթերում բազմաթիվ ֆելիետոնիստներ կան, բայց դրանցից միակ օժտվածը Լեռ Կամսարն է։Միայն ցանկալի է, որ նա լրագրական մանր հոդվածներից հետո փորձեր երգիծական մեծ կտավների անցնել»։

Եղիշե Չարենցը, որը այդ տարիներին մտերմացել էր երգիծաբանի հետ, հորդորում է վերջինիս դաշնակցական խմբապետների կյանքից մի «Դոն Քիշոտ» գրել։

Սակայն Լեռ Կամսարը նախընտրում է երգիծական մանրապատումը։

Նրա տաղանդավոր գրիչը փոքրիկ կտավների վրա էլ կարողանում է արծարծել մեծ իրադարձություններով հարուստ իր ժամանակաշրջանի կյանքի բարդ և կարևոր հարցերն ու պրոբլեմները։ Կարելի է միայն զարմանալ և հիանալ, թե նա ինչպիսի ճկունությամբ և վարպետությամբ է մի տասը տողանոց ֆելիետոնում կարողանում միանգամից անդրադառնալ մի քանի խնդիրների, ընդորում՝ իրար հետ կապ չունեցող։

Հիմնական թիրախին խփելու համար նա սկսում է այնքան հեռվից, որ մտքովդ էլ չի անցնում, որ վերջում այդպիսի շրջադարձ կարող է լինել, այդ հեռավորությունը անցնում է մի ակնթարթում, ճանապարհին «ձեռքի հետ» խոցելով մի քանի չարիքներ և ընթերցողին անակնկալի բերելով հարվածում է նշանակետին։

«Գրական երկի արժանիքը նրա ծավալով չի պայմանավորված։Ինչպես վարժ լողորդը խորունկ ջուր է որոնում ազատ լողալու համար, այնպես էլ ընթերցողը անկախ ծավալից՝ խորը մտքերի մեջ է ուզում թաղվել։ Երբ ես իմ ջրով եմ խեղդում ընթերցողին՝ ավելորդ ջուրը ի՞նչ անեմ»։

Լինելով հայրենասեր և չկարողանալով անտարբեր մնալ երկրի քաղաքական իրադարձություններին Լեռ Կամսարը մարտնչում էր և՛ իր սվին-գրչով,և՛ զենքով՝ 1917 թվականին կամավոր հավաքագրվելով Վանի 4-րդ գնդում՝ գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հրամանատարության տակ։

1918 թվականին Սարիղամիշի ճակատամարտի կամավորների մեջ էր երգիծաբանը, սակայն Դրոն արգելում է նրան կռվին մասնակցել՝ ասելով. «Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ է ծաղրելու, գնա, ա՛յ մարդ,գնա, քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղվիր»։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որն այդ տարիներին իշխանության գլուխ էր անցել, զարմանալի հոգատարություն և հանդուրժողականություն էր ցուցաբերում նրա սուր գրչի նկատմամբ։Չնայած այն բանին, որ գրողի գրիչը այդ տարիներին ուղղված էր հիմնականում դաշնակցության դեմ, այնուհանդերձ վերջիններս միշտ սիրով և հարգանքով էին վերաբերվում երգիծաբանին և շատ էին ցանկանում, որ նա դառնա Պառլամենտի անդամ, բայց Լեռ Կամսարը մերժում էր ասելով, որ ինքը գրելով ավելի օգտակար կլինի իր ժողովրդին։

Այդ տարիներին չկար մի հայ խմբագիր, որից Լեռ Կամսարը հրավեր ստացած չլիներ իր թերթին աշխատակցելու։Այսպես մինչև 1920 թվականը, երբ Հայաստան մտան բոլշևիկ «ազատարարները»՝ մնացած հայությանը «փրկելու» համար։

«Մեզ պարգևած ազատության մասին մի պարզ գաղափար տալու համար ասեմ,որ հետագայում, երբ 21 թվականին հայերը ապստամբեցին իրենց «ազատարարների» դեմ, պարտված հայությունը նորից Թուրքիա էր փախչում,տաճկական սուրը գերադասելով բոլշևիկների կացնից։

Բոլշևիկյան Հայաստանը մի կատարյալ սառցատուն էր, որտեղ հայության ուղեղը սառեց իր գանգում՝ բնավ չմտածելու համար, արյունը սառեց բազուկներում՝ բնավ չաշխատելու համար»։

«Կարմիր բարերարներից» Լեռ Կամսարը փախավ և հաստատվեց Թավրիզում։Դաշնակցությունը այստեղ էլ նեցուկ եղավ իր անողոք ընդդիմախոսին։Մեկ օրվա մեջ գրողը ապահովվում է թե՛ աշխատանքով և թե՛ բնակատեղով։Սկսեց ներկայացնել իր պիեսները թատրոնում, ուներ մեծ հաջողություներ, բայց հայրենիքի և ընտանիքի կարոտը տանջում էր երգիծաբանին։ Եվ մի քանի ամսից հետո,ընդունելով Խորհրդային Հայաստանի հրավերը, նորից վերադառնում է։

«Ա՜խ, Պարսկաստան... ազատ երկիր, ավանակը բոլ։ Ծո՛, հիմար, ասա ինչո՞ւ վերադառնամ զնդան, վերցրու մի երկու ավանակ, դարձիր էշակչի,բեռներ մի տեղից մյուսը փոխադրիր ու որպես հասարակական գործիչ փառք վաստակիր, ի՞նչ գործ ունես սովետական երկրի հետ, ուր քեզ պիտի հեծնեն ու ընկնեն անհաս կոմունիզմի ետևը»։

Այս եզրահանգմանը երգիծաբանը կգա դեռ հետո, մի քանի տարի անց։Իսկ հիմա գրողը աշխատանքի կանցնի «Խորհրդային Հայաստան» թերթում, կդառնա երգիծական բաժնի գլխավոր աշխատակիցը։ Գրքեր կհրատարակի.1924թ. լույս կտեսնի «Անվավեր մեռելները», 1926 թվին՝ «Ազգային Այբբենարանը», 1934 թվին՝»Վրիպած արցունքները»։ Այդ տարիներին Ավետիք Իսահակյանը գրում է Փարիզից. «Դու արտասահմանում միակ կարդացվող հեղինակն ես։ «Խորհրդային Հայաստանում» լույս տեսած քո բոլոր ֆելիետոնները արտատպվում են հայ մամուլում, և այն ձեռքից-ձեռք է անցնում»։

Լեռ Կամսարի երգիծանքի դիապազոնը հսկայական է, նրա մտրակի հարվածի շառավիղը՝ շատ մեծ։

Չգիտեմ կա՞ մի խնդիր, որ վրիպած լինի նրա սուր աչքից։ Ցանկացած թեմայի վերաբերյալ կարելի է նյութեր գտնել նրա ստեղծագործություններում՝ սկսած մանր կենցաղայինից մինչև հրատապ գլոբալը, նեղ ազգայինից մինչև համամարդկայինը։Տարբեր երկրներ, բազում ազգեր,զանազան քաղաքականություններ և համոզմունքներ խմորվում, հունցվում և մարմնավորվում են նրա վարպետ գրչի տակ։Իր փոքրիկ երկրի փոքրիկ խրճիթից հայացքը սևեռել է համայն աշխարհին և իրեն իրավունք է վերապահում խորհրդածություններ և մեկնություններ անել նրա մասին։

Վերը նշված գրքերում թեմատիկան սահմանափակ է իհարկե։Խորհրդային նախանձախնդիր գրաքննության ջանքերով այստեղ տեղ են գտել միայն հակակրոնական, հակադաշնակցական, հականացիոնալիստական ֆելիետոնները։

Մոտենում էր մեր պատմության ամենաամոթալի շրջանը՝ անհատի պաշտամունքի տարիները։

Բոլշևիկների նորաստեղծ կուռքը՝Ստալինը, պաշտամունքի և հավատարմության երաշխիք էր պահանջում, հակառակ դեպքում մահ էր և ավերում։» Բոլշևիզմի գազանության աստիճանը հասավ քառասունի»։ Իբրև մարդ ապրելու հնար չկար։Սարսափի ազդեցության տակ մարդը ելավ մարդու դեմ, եղբայրը՝եղբոր, որդին՝ ծնողների, հայրենակիցը՝ հայրենակցի, գրչակիցը՝գրչակցի...Գոյատևելու համար պետք էր հարմարվել, ստել, կեղծել, քծնել։Լռելն էր հանցանք համարվում, ուր մնաց ըմբոստանալը։Եվ բնականաբար զոհասեղանին առաջինը պետք է դրվեին նրանք, ովքեր ասացին ոչ՝ սոցիալիզմ ոռնացող այդ ամբոխում։

Եվ 1931 թ. խորհրդահայ գրողների համերաշխ նախաձեռնությամբ սկսվեց Լեռ Կամսարի «զտումը»։

«Զտումը սակայն սաստիկ նմանեցավ Հիսուսի դասավարությանը։

Նախագահ Սիմակը հարյուր տոկոսով Կայիափա քահանայապետ էր, «Խաչ հանղդա» պոռացող փարիսեցիներն իրենց տեղերում՝ կազմ պասշաստ։ Մեկը դրանցից մինչևիսկ պոռաց. «Պետք է ոչնչացնել նրան (այսինքն ՝ ինձ) և գրավել նրա ունեցվածքը «Ի վերա պատմուճանաս վիճակս արկանեին»։

Քրիստոսի Կայիափան ուզեցավ անպայման նրան «թագավոր» դուրս բերել, իմ Կայիափան ինձ «աղա» դուրս բերավ, Թովմաղյան կանչելու տեղ՝ Թումաղայան կանչելով։

Միայն ես իսկական Քրիստոսը չէի, ճիշտ է, իմ «թագավորությունն» էլ նրա պես այս աշխարհից չէր, բայց ես նրա պես հեզ ու անհիշաչար չէի։

Երբ բեմ ելնելուս, դեռ բերանս չբացած, իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արված է արդեն նախապես, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքներ» գործեմ միայն։ Այս տմադրի, միջնադարին միայն հատուկ տեսարանի համդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես, ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման»։

«Այն ժամանակ, երբ ողջ Սովետական Միությունում մարդիկ անգամ չէին համարձակվում տնքալ՝ վախենալով, որ կառավարությունը այդ կարող է դժգոհության նշան համարել իր ռեժիմի դեմ՝ ես դուրս եկա ու հրապարակով հայտարարեցի.

- Թուրք կառավարությունը լավ է ձեր կառավարությունից...

Իսկ հայտնի է որ համաշխարհային քարտեզի վրա Թուրքիան ամենակեղտոտ կառավարությունն է։

Դրանից հետո, ճիշտ է, ես քսան տարվա տաժանակրության դատապարտվեցի ու բևեռ քշվեցի, բայց բևեռային տարածությունն էլ շատ քիչ է արգելելու համար, որը ես իմ նողկանքը չարտահայտեմ բոլշևիկյան կառավարությանը։

Շատ ափսոս, որ բևեռով վերջանում է աշխարհի սահմանը։ Ինձ տիեզերքի անհունությունն է պետք, որ անվերջ իմ գարշանքը հայտնեմ այդ կառավարությանը և քշվեմ հեռավոր աքսորի...»։

Այսպիսով հայ խորհրդային գրողները «մաքրեցին» իրենց շարքերը «ազգի և հայրենիքի թշնամի» Լեռ Կամսարից և ազատելով նրան աշխատանքից, փաստորեն դատապարտեցին սովամահության, քանզի այդ պիտակով արդեն նա չէր կարող որևէ ուրիշ աշխատանք գտնել։

Ժամանակնե՜ր, ժամանակնե՜ր...

Բայց ժամանակն ի՞նչ անի։ Չէ՞ որ ժամանակ կերտողը մարդն է։ Մի՞թե մարդկային բարոյականությունը, արդարությունը, հոգու արիությունը, մտածողությունը կախված են պատմական կամ քաղաքական իրավիճակից։ Մի՞թե այդքանի մեջ չգտնվեցին խիզախներ արդարությունը պաշտպանելու համար։Գուցե չարին դեմ գնային այդ ժամանակ չլինե՞ր արյունալի 37-ը... գուցե ... Ո՞վ գիտե...

Կանցնեն շատ և շատ տարիներ, և խորհրդահայ գրողները իրենց հուշերում կասեն. «Լեռ Կամսարը տխուր, ինքնամփոփ ներանձնացած մարդ էր և միշտ խուսափում էր գրողների հետ շփվելուց»։

Զտման արարողության ժամանակ նման հայտարարությունից հետո միայն գործազրկությամբ պատժվելը քիչ էր անշուշտ, և 1935 թ. աշնանը չեկիստները կալանավորեցին երգիծաբանին՝խուզարկելով և տնից տանելով գրական արխիվը։Որպես մեղադրանք գործին կցվեց «Պլենար նիստ» թատերակը, որը բախտորոշ դեր խաղաց գրողի համար։Պիեսը թարգմանված և դրված էր ռուս դասավորի առջև։Դատական պրոցեսի ողջ ընթացքում դատավորը թաշկինակով փորձում էր թաքցնել ծիծաղի փռթկոցը, երբ մեջբերումներ էր անում թատերակից։Իսկ երբ մի պահ մենակ է մնում գրողի հետ, ասում է.«Однако, ты здорого пишешь, но тебе нужно было родиться в другое время. Сожалею, но минимальный срок я тебе вынужден дать».

Եվ չնայած գրողը մեղադրվում էր ֆաշիզմի, հակահեղափոխական գործունեության և Ստալինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, դատավորը կարողացավ իր խոսքը պահել և ազատազրկել միայն երեք տարով։ Մինչև Խանջյանի եղերական մահը, վերջինիս նախաձեռնությամբ, Լեռ Կամսարը գտնվում էր Երևանյան բանտում, հետո տեղափոխվեց Վորկուտա հեռավոր աքսորավայրը։ Երեք տարի անլուր զրկանքներ կրելուց հետո գրողը վերադառնում է Երևան, բայց կառավարությունը, գտնելով, որ նա բավականաչափ չի պատժվել, հիմա էլ աքսորում է Բասարգեչար, այս անգամ արդեն 17 տարով։

Եթե գրողների որոշ մասին բոլշևիկյան կառավարությունը ուղղակի գնդակահարեց, ապա Լեռ Կամսարի համար նախատեսել էր կենդանի-կենդանի «զմռսել» և դատապարտել դանդաղ գործող մահվան ու մոռացության։Նրան արգելված էր և՛ գրելը, և՛ տպագրվելը։ Ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, որ աքսորի դաժան պայմաններում երգիծաբանը կարող էր ստեղծագործել և պահպանել գրչի սրությունը։

«Ես պարտաճանաչ կոլխոզնիկի նման հանձնել եմ իմ «պետպարտավորությունը» բոլշևիկյան դարաշրջանին։Տաժանակրության եմ գնացել ամբողջ քսան տարի։ Քսան տարի քայլել եմ երկու կողմս ունենալով երկու սվինավոր պահակներ;Եվ ազատվելուց հետո էլ, դեռ երկար չկարողանալով ազատվել այդ մղձավանջից, քայլել եմ նրանց ուրվականների հսկողությամբ, ինքնակալանավորման ենթարկելով ինքս ինձ։ Երեք ու կես ամիս տևող դատավարությունս վերջացավ երեք տարի բանտարկության վճռով։

Սպեց-կոլեգիան, առանց իմ համաձայնության վերցրեց ինձ ու դաշնակցության կուսակցության մեջ մուտք արավ այն պատճառաբանությամբ, որ ես տասը տարի գրել եմ նրանց մամուլում և տեսակցել եմ դաշնակցականներ Մուշեղյանի, Մելիք-Թանգյանի և Տերոյանի հետ։

Եթե ես տասը տարի դաշնակցության մամուլում գրելով և երեք դաշնակցականի հետ տեսակցելով դաշնակցական եմ, ապա որքան ավելի կոմունիստ եմ՝ 15 տարի բոլշևիկյան մամուլում գրելուս և երեք հարյուրից ավելի կոմունիստների հետ տեսակցելուս համար։

Պարզ է, որ դատավարությունս շատ էր տեխնիկական,և վճիռը՝ բավականին միակողմանի։ Ինչևէ, չկենալով չարին հակառակ, ես անտրտունջ նվիրվեցի իմ քսանամյա տանջանքիս և եռանդուն ու բարեխիղճ գնացի բոլոր այն ուղիներով, որ ցույց տվեց ետևիցս գնացող կոնվոյը։

Բանտապետս զվարճալի մարդ էր։ Ձանձրույթս փարատելու համար աշխատանքի հեռավոր լագեր (Վորկուտա) ուղարկեց ֆիզկուլտուրայի։ Այնտեղ գետային նավեր էի բեռնաթափում և շատ գոհ էի վիճակիցս։ Միայն մի անգամ «նարյադչիկս» ծանր բեռ դրեց կռնակիս, և ես ճոճուն սանդուղքից գետը գլորվեցի։ Բայց ոչինչ, նա չէր մեղավոր, այլ ես՝ որ մի փոքր թուլակազմ Էի...

Երբ աքսորիս երեք տարին լրացավ, Հայաստան վերադարձա և մտնելով «Խորհրդային Հայաստանի» խմբագրությունը հարցրի.

- Շատ հաջող բանտարկվեցի, այժմ կարո՞ղ եմ գրել։

Խմբագիրը պատասխանեց.

- Մենք առայժմ սուր ֆելիետոնի կարիք չունենք։

Մի պատասխան, որ շատ զարմացրեց ու մինչև օրս էլ շարունակում է զարմացնել ինձ, որովհետև տեխնիկապես զարգացած դարում ի՞նչ դժվար է «սուր» ֆելիետոնի ծայրը մի փոքր բթացնել։

Ճիշտ այդ միջոցին էլ միլիցիան ինձ քաղաքից վտարեց, և ես կծկված իմ «սուր» փշերում, ոզնու նման. Բասարգեչարի սարերը քաշվեցի և ապրեցի մի փչակում...

... Իմ սենյակը այնտեղ այնքան փոքր էր, որ պառկելու ժամանակ պետք էր շորերը դրսում հանել և լողվորի նման ինքզինքը անկողին ձգել։

Սենյակումս սառույց էր դառնում այն բոլորը, ինչի մեջ ջրային մասնիկ կար։ Քարացած հացս որպեսզի կրծվեր՝ պառկում, դնում էի ծոցս, որ մարմնիս տաքությամբ մի փոքր կակղեցնեի։

Անկողնում տաքանալը հնար չէր, ինչքան չուլ ու փալաս կար, քաշում էի վրաս, այնքան, որ այդ ծանր արճիճի վերմակիս տակ տափակում էի, բայց չէի տաքանում։

Իմ ուտելիքն էր միայն մի կիլո հաց, մի լիտր կաթ։

Առավոտները վեր կենալիս, մի ձեռքիս հացիս տոպրակը, մյուսում՝ կաթիս «կոտյոլը», նայում էի բանվորական ավանի ծխնելույզներին, որից ծուխ էր դուրս գալիս, այնտեղ էի գնում, խնդրելով թույլ տալ նրանց վառարանի վրա կաթս տաքացնել և սեղանի վրա նախաճաշել։

Գրում էի միայն արևոտ օրերին, խոտի դեզերի տակ, երևակայեցեք, այս բոլորից հետո ես չէի թքում սովետական կառավարության երեսին, որովհետև, տեղանքը ցուրտ էր, և թուքս կարող էր սառած մնար նրա երեսին...»։

50-ական թվականներին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը հավանաբար հրահանգ էր ստացել զարկ տալ երգիծաբանությանը։ Դես երգիծաբան փնտրեց, դեն երգիծաբան փնտրեց և վերջապես հիշեց, որ աքսորում ունի մեկը։ Համոզված լինելով, որ այդ երգիծաբանը երկարատև տաժանակրությունից հետո արդեն «խելքի է եկել», հասկացել է ժամանակի պահանջները և արդեն կգրի ինչպես հարկն է։ Այն է՝ նախ կփառաբանի տիրող կարգերը, կտա իր պարտադիր տուրքը առաջնորդներին, նոր միայն իրեն թույլ կտա նկատելու մի քանի մանր-մունր կենցաղային թերություններ։ Դրանով ձեռք կբերի թե՛ իշխանությունների խրախուսանքը, և թե՛ մի փոքր նորմալ ու բարեկեցիկ ապրելու հնարավորություն։ Այս ականկալիքով էլ կանչում է Լեռ Կամսարին աքսորավայրից և պատվիրում մի սովետական կոմեդիա գրել։ Մեկ ամսից երգիծաբանը ներկայացնում է կոմեդիան, որտեղ նա արդեն որերորդ անգամ ապացուցում է, որ իսկական գրողը չպետք է հարմարվի իշխանություններին, որ իսկական գրականությունը ինքնուրույն և անվախ մտածողության արդյունք է և կապված է բաոյական պատասխանատվության զգացումի հետ, որը մարդը կրում է իր մեջ և որը ստիպում է նրան անկախ մտածել, խոսել և գրել՝ առանց հաշվի առնելու կառավարության տվյալ ժամանակաշրջանի պարտադրանքը։ «Հեղինակը հրապարակում կանգնած մսացու չէ, որ մեկը գա նրանից միայն կոտլետացու փափուկ միս պահանջի, մյուսը՝ միայն ոսկոր, նրանից բուլիոն պատրաստելու համար, երրորդը՝ նրա խաշը, չորրորդը՝ լյարդն ու փայծաղը և այսպես անվերջ։ Եթե հեղինակը իր տարբեր ճաշակի տեր հաճախորդների կամքովը շարժվի՝ էլ նրա մեջ «ստեղծագործող» կմնա՞։ Ես ինձ մաս-մաս չեմ վաճառում։ Վաճառում եմ ամբողջական, կենդանի քաշով։ Ինձ առնողը պետք է ամբողջությամբ օգտագործի... պոչն էլ հետը։

Ուզում եք՝ համեցե՛ք, չե՞ք ուզում՝ երթաք բարով։ Ինչու՞ պիտի իմ սեփական գլուխը թողած՝ ուրիշի գլխով մտածեմ»։ Լեռ կամսարը մնացել էր անուղղելի։ Կոմեդիայում պախարակելին էլի պախարակելի էր, գովելին՝ գովելի, անկախ կուսակցական պատկանելիությունից։ Սա, իհարկե, չբավարարեց Կենտկոմին, և գրողը նորից քաշվեց իր սարերը։Այսպես մինչև 1954 թ. ամնիստիան։

«Ամնիստիային Երևան վերադարձա և իմ դիմումով խնդրեցի Գերագույն դատարանին վերաքննել «գործս»։

Ուրեմն այսպես։

Սովետական կառավարությունը ինձ երեք տարի տաժանակրության դատապարտեց հեռավոր հյուսիսում և 17 տարի վտարեց ընտանիքիցս, որպես քաղաքական հանցավոր ու, սակայն, այսօր, վերանայելով իր վճիռը, գտավ, որ ես արդար եմ և իզուր տեղը քսան տարի տառապել եմ։

Մի փոքրիկ վրիպակ։

Բայց հետաքրին այն է, որ իր ահռելի սխալի համար կիսաբերան ներողություն անգամ չի խնդրում ինձանից, ինչը պահանջում է տարրական քաղաքավարությունը։

Այսուհանդերձ ես բավարարված պիտի լինեմ նրանով, որ իմ անմեղությունը հայտնվում է ինձ կենդանությանը։

Ի՞նչ անեն այն թշվառ դատապարտվածները, որոնք իրենց անմեղության մասին իմանում են ... գնդակահարվելուց հետո։

Ազատվեցի վերջապես։ Գերագույն դատարանը չեղյալ համարեց չգործածս հանցանքը և վերադարձրեց իմ ազատությունը, մոռանալով, սակայն, վերադարձնել նաև քսան տարվա գրական բեղուն կյանքս։

Ինչևէ։ Ազատվեցի ու դրանում համոզված լինելու համար շարժեցի մարմինս, ձեռներս երկու կողմերս տարածեցի, աջ դարձա, ձախ դարձա, քայլեցի մեկ-երկու, մեկ-երկու՝ տեսա որ իրոք ազատ եմ։

Իսկ գրող մարդը, որ ազատվի ի՞նչ պիտի անի։ Բնական է, պիտի վերցնի գրիչը և շարունակի իր ընդհատված աշխատանքը։

Բայց ավաղ...

Գրիչս նոր էի թաթախել, ուզում էի գրել՝ մեկ էլ հանկարծ հայտնվեցին երկու նոր սվինավոր պահակներ և գրիչս կալանքի վերցրին...

- Չգրես, եթե ոչ... - սպառնաց մամուլը մի կողմից։ -Ինչքան ուզում ես գրիր, միևնույն է քեզ տպագրող չկա,- ասաց մյուս կողմից կանգնած Պետհրատը, և ես գրիչս վայր դրի։

Միայն «Ոզնին», տոն օրերին գրիչը ձեռքս էր տալիս, որ մի ֆելիետոն գրեմ, հետո էլ գրիչը վերցնում էր ձեռքիցս ու կախում պատից։

Պարզ դարձավ ինձ, որ հիմա էլ հոգիս է բռնելու տաժանակրության ճանապարհը...

Շուտով հասկացա, որ ես մի շատ վտանգավոր ռումբ եմ, գցված խմբագրությունների արանքում, և ոչ մի խմբագիր չի համաձայնվում առաջինը ինքը ինձ ներս առնի։

Ու ես դրսում կանգնած մենախոսում եմ Համլետի «լինել, թե չլինելը»։

Բայց Համլետն ինձանից բախտավոր էր նրանով, որ լինելն էր, չլինելն էր իրենից էր կախված, իսկ իմ չլինելն է միայն ինձանից կախված, իսկ լինելս՝ Կենտկոմից, «Խորհրդային Հայաստանից», Թատերական Վարչությունից և Գրողների միությունից»։

Բարալիկ աշակերտական տետրերը, ուր գրում էր իր մանրապատումները, թևի տակ, հալածանքից շշմած, առողջությունը կորցրած, արդեն ծերունազարդ երգիծաբանը շրջում էր խմբագրությունից խմբագրություն, հրատարակչությունից հրատարակչություն, բայց միշտ անօգուտ և ապարդյուն։ Փող չունենալով, նա նույնիսկ չէր կարողանում որևէ թերթ կամ հանդես բաժանորդագրվել։ Առավոտ կանուխ շտապում էր զբոսայգու այն մասը, ուր փակցվում էր մամուլը, որպեսզի տեսնի որևէ բան պատահաբար չե՞ն տպել արդյոք խմբագրություններին հանձնված իր նյութերից և ամեն օր վերադառնում էր մռայլ և կոտրված։ Միայն «Ոզնին» էր երբեմն-երբեմն տպագրում, բայց Արա Մասյան ծածկանունով, որ չիմացվի թե դա Լեռ Կամսարն է։ (Ի միջի այլոց, «Ոզնին» եղավ այն միակը, որ արժանացրեց Լեռ Կամսարի գրական վաստակը գնահատանքի՝ ետմահու տալով նրան 1988 թվականի լավագույն երգիծաբանի մրցանակը՝ ի հիշատակ գրողի ծննդյան 100-ամյակի)։

Ետաքսորյա այդ տարիներին գրողը այնքան դիմումներ և խնդրագրեր էր հղել տարբեր պաշտոնյանների և պաշտոնատներ, որ մի ամբողջ հատոր կարող է կազմել։Ի դեպ այդ դիմումները մեծ արժեք են ներկայացնում թե՛ գեղարվեստական, և թե՛ պատմական տեսանկյունից։

Լեռ Կամսարի շուրջը ստեղծվել էր մի տարօրինակ դատարկություն, նա մնացել էր մենակ իր տառապանքի հետ։ Ոչ ոք չէր ուզում նեցուկ լինել նրան։ Եվ ո՞վ կհանդգներ աջակցել, երբ այդ ժամանակ չար բախտի բերումով, թե «բարի մարդկանց» հոգածությամբ, բարձր օրգաններում նորից շրջանառության մեջ մտավ նրա մեկ ֆելիետոնը՝ գրված Լենինի դեմ, որը տպագրվել էր «Հորիզոնում»1918 թ-ին։ (ֆելիետոնը արխիվից պեղել և Կենտկոմ էր ներկայացրել Լեռ Կամսարի գրչակից «ընկերներից» մեկը։) Մերժումներն արդարացվում էին այդ «մեղքի» առկայութ-յամբ։ Ինչպես կարող էին վերականգնել մի գրողի իրավունքները, երբ նա հանդգնել է ծաղրել իրենց «աստծուն»։ Ինչպես կարող է նա հավասարվել մյուս գրողներին, երբ բոլշևիկյան արատների մասին խոսում է բարձրաձայն։

Եվ որպեսզի Լեռ Կամսարը վերջնականապես ձեռք քաշի որպես գրող որևէ բան ակնկալելուց, մի գեղեցիկ օր պաշտոնական գրություն է ստանում Կենտկոմի մամուլի բաժնից, ուր նրան հայտնվում էր, որ իր գրական վաստակը խոտան է և արժանի աղբանոցի։

«Մինչև օրս ես կասկածանքով էի վերաբերվում իմ գրական աշխատություններին, հաստատ չիմանալով, դրանք որևէ արժեք ներկայացնում են, թե՝ ոչ։

Իսկ այսօր կարող եմ հայտարարել, որ ես շատ մեծ գրող եմ ու իմ գրական վաստակը որպես ոսկու ֆոնդ կմտնի հայ գրականության մեջ։

Ինչ՞ու։

Որովհետև Հայաստանի բոլշևիկյան կառավարությունը այդ վաստակը այսօր հայտարարեց արատավոր իր քննադատ Վ.Ամիրբեկյանի բերանով և պաշտոնապես նետեց «կոշկակարի աղբի զամբյուղը»...

Փառքդ շատ, Աստված, որ ինձ հանեցիր մաշող կասկածանքից և անարատ գրող դարձրիր...»։

Հալոցքի տարիներին վերականգնվում է երգիծաբանը Գրողների միության շարքերում, նշանակվում է մի փոքր կենսաթոշակ՝ գոյությունը պահպանելու համար, և լույս է տեսնում «Գրաբար մարդիկը» (1959թ.), որը կարելի է համարել նախկինում լույս տեսած գրքերի վերահրատարակությունը։

Մազապուրծ լինելով 1915 թ. եղեռնից, բանտի և աքսորի տանջանքների միջով «հաջող» անցնելով, անտեսվելով խմբագրությունների և հրատարակչությունների կողմից, զրկանքների և լլկանքների ուղեկցությամբ հասել էր Լեռ Կամսարը մինչև 1965 թ-ը։

Պատրաստվում էր մի փոքրիկ ժողովածու «Մարդը տանու շորերով» խորագրով։ Երկար ճանապարհ էր անցել այդ գրույքը, շատ էր բարակել ճանապարհին, բայց այնուհանդերձ ծնվում էր մեծ դժվարությամբ։ Երգիծաբանը անհամբեր սպասում էր այդ ծնունդին։ Թվում էր, խոչընդոտ չպետք է լինի՝ քաղաքական բոլոր պամֆլետները զտված էին գրքի միջից։

Արդեն լույս էր տեսել գրքի ամբողջ տպաքանակը, երբ հանկարծ գույժ՝ գիրքը կալանքի տակ է։

Դա եղավ տառապանքի այն վերջին կաթիլը, որ իրագործեց իր նախատեսված դերը։ Վշտերից հյուծված երգիծաբանի սիրտը կաթվածահար եղավ։

Ի՞նչն էր գրքի արգելման պասճառը։

Գրքում տեղ էր գտել մի ֆելիետոն թատրոնի տնօրեն Ղ.Ղազարյանի մասին, որը Լեռ Կամսարը գրել էր «Ոզնու» պատվերով։ Թատրոնի հիշյալ տնօրենը իմանալով այդ մասին, օգտագործելով իր ամբողջ «հզորությունը», Կենտկոմի միջոցով արգելք էր դրել գրքի վաճառքի վրա։

-Խնդրում եմ ինձ տարեք,- ասում էր արդեն մահամերձ գրողը իր որդիներին,- այդ մարդու մոտ, որ ես ծնկաչոք աղաչեմ, որ նա լինի գեթ այն միակ խորհրդային պաշտոնյան, որի արատների վրա ես որպես երգիծաբան իրավունք ունենամ ծիծաղելու։

Լեռ Կամսարը չհասցրեց այդ անել։ 1965 թ. նոյեմբերի 22-ին դադարեց բաբախելուց նրա վշտաբեկ սիրտը։

Ահա այսպես տխուր ավարտեց իր կյանքը ծիծաղ պարգևող մարդը։

Նրա վերջին խոսքերն էին. «Ես խնդրում եմ ձեզ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը... որ այս կառավարության երեսը չտեսնեմ։

Մի՛ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ՝ դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա...»։

Վանուհի Թովմասյան
«Կարմիր օրեր» հատորյակի առաջաբանն է, Երևան, «Նաիրի» 2000թ.